ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փափագում ենք` եկեղեցում ունենալ գոնե երկրորդ քահանա

Փափագում ենք` եկեղեցում ունենալ գոնե երկրորդ քահանա
06.03.2009 | 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
«Իրավունքը de facto» թերթի փետրվարի 20-ի թիվ 12-ում Նորք-Մարաշ համայնքի մի խումբ հավատացյալների` Ամենայն հայոց վեհափառին ուղղված «Ինչո՞ւ է բարգավաճում աղանդավորությունը» վերտառությամբ բաց նամակից հետո, որտեղ փաստացի մեղադրանքներ էին ներկայացվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր ԶԱՔԱՐԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, որոշ եկեղեցականների «պատասխան» կիսագրագետ հոդվածին անդրադառնալուց առաջ ուզում ենք մեր տարակուսանքն ու զարմանքն արտահայտել հայրենական լրատվամիջոցներից մեկի անհասկանալի պահվածքի շուրջ. մեկ այլ լրատվամիջոցում տպագրված հոդվածով ինչո՞ւ էր այդքան հետաքրքրված և շահագրգիռ այլ օրաթերթի լրագրողը, որն անմիջապես վազել էր տեր Զաքարիայի մոտ` իբրև թե նրանից «պարզաբանումներ» ստանալու, և սեփական եզրահանգումներով փորձել «լույս սփռել» վկայակոչված փաստերին` որակելով դրանք հերյուրանք, և համերաշխ ձայնակցել քահանային` իբրև թե հոդվածագիրներին ճանաչելու վերաբերյալ:
Պետք է, սակայն, հիասթափեցնենք թե՛ այդ լրագրողին, թե՛ սույն քահանային` ներքոնշյալ ստորագրություններով, քանի որ նրանցից և ոչ մեկը, որքան էլ քահանան խաչով երդվի, իր «ճանաչած» այն «զեղծարար» կամ «թղթախաղով օրն անցկացնող» մարդկանցից չէ, այսինքն` այն տասը անձինք չեն, որոնց նա, հավանաբար, վատություն է արել կամ հեռացրել աշխատանքից: Հոդվածագիրները բոլորն էլ պարկեշտ, աստվածավախ, այսօր էլ եկեղեցի հաճախող, իրո՛ք հոգևոր մարդիկ են` մտահոգ առկա «հոգևոր» վիճակով: Եվ այդ մարդիկ հավատքի մեջ են եղել նույնիսկ սովետական, կրոնամերժ տարիներին, ի տարբերություն «պատասխան» նամակով հանդես եկողների կամ քահանայությունը սոսկ որպես եկամտաբեր աշխատանք դիտող սույն քահանայի:
Ավելի քան զարմանալի է նաև, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի լրատվականից պարզաբանումներ տվել են ոչ թե բաց նամակը տպագրած «Իրավունքը de facto»-ին, այլ քահանայի հեղինակությամբ, չգիտես ինչու, խիստ մտահոգ մյուս լրատվամիջոցին: Եվ ի՞նչ են հաղորդել լրատվականից` «մեղադրանքներն անհիմն են, այդ իսկ պատճառով Սրբազանը նամակին ընթացք չի տվել»: Հետաքրքիր է, այդ ո՞ր մի մեղադրանքն են նրանք փորձել ճշտել. գեթ մեկ անգամ եկե՞լ են եկեղեցի` համոզվելու համար` պատարագների ժամանակ քահանան արդյոք քարոզ կարդո՞ւմ է, թե՞ ոչ, եկեղեցում ժամերգություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ, մոտեցե՞լ են որևէ հավատացյալի և հարցրել` տեր Զաքարիայի քահանայության օրոք երբևէ ուխտագնացություն կազմակերպվե՞լ է, թե՞ ոչ, երիտասարդաց միություն կամ հավատացյալների ծուխ առհասարակ գոյություն ունի՞, թե՞ ոչ, հետաքրքրվե՞լ են` ինչո՞ւ հենց նրա քահանայության տարիներին վերացավ մի քանի տասնյակ անդամ ունեցող գործուն երիտասարդաց միությունը, և այսպես շարունակ... Ի դեպ, քահանայի փոխարեն, խիստ միջին մակարդակի քարոզ (վաղուց կարոտ ենք հետաքրքիր, հարուստ, սուրբ հոգով լեցուն քարոզխոսության) կարդում է նույն ինքը` «պատասխան» նամակի հոդվածագիրներից մեկը` Արամ դպիր Դիլանյանը, որը համայնքում ոչ բարեկիրթ, բռի և անտաշ մարդու համբավ ունի և այսքան տարիների ընթացքում որքան էլ ջանաց հեղինակություն ստեղծել, այդպես էլ չհաջողեց` երբեք չընդունվելով և չսիրվելով ժողովրդի կողմից: Տարիներ են անցել, բայց մարդիկ չեն մոռանում նույն Արամ դպիրի վայրենի արարքը, երբ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, խաղողօրհնեքի կարգի կատարումից հետո, ինչպես նա, զայրանալով «անկարգ» և «անհնազանդ» ժողովրդի վրա, խաղողով լի արկղը, եկեղեցու մեջ շպրտեց... ժողովրդի վրա, և ողջ օրհնված խաղողը... տրորվեց մարդկանց ոտքերի տակ... Եվ հիմա նույն Արամ դպիրը դաս է տալիս քրիստոնեական պահվածքի մասին, մարդ, որ միայն կիրակնօրյա պատարագին է մասնակցում և առհասարակ հաղորդ չէ եկեղեցուց դուրս կատարվող որևէ արարողության` լինի այն տնօրհնեք, թաղում, թե հոգեհանգստյան կարգ... Եվ բոլշևիկյան փտած ոճով դեռ ճամարտակում է, որ եթե նույնիսկ քահանան սխալ է, նրան չի կարելի քննադատել, «անարգել, քանի որ դրանով Աստծուն ենք անարգում»: Հիշեցնենք Արամ դպիրին Տիմոթեոսի 1-ին ուղերձի 5.15-20-ը. «Երեցի վրա գանգատ ընդունիր միայն 2-3 վկաներով: Մեղանչողին ամենքի առաջ հանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան»: Հիշեցնենք նաև, թե նույնիսկ Պողոս առաքյալը բոլորի ներկայությամբ ինչպես էր խստությամբ հանդիմանում առաքյալների առաջնորդ Պետրոս առաքյալին՝ կեղծավորության համար (Գաղատացիս, 2.14): Արամ դպիրին թվում է, թե կարևորը Աստվածաշունչ իմանալն է, մինչդեռ կարևորը ոչ թե Սուրբ գիրքը՝ որպես աշխատանք անգիր անելն է, այլ այն կյանքով վկայելը, սուրբ հոգով մարդկանց ապաշխարության, Աստծուն բերելը: Ակնհայտ է նաև, որ «պատասխան» նամակը գրել է մեկը, մյուսները պարզապես ստորագրել են, այլապես ողջ նամակը չէր շարադրվի առաջին դեմքով, եզակի թվով:
...Ի՞նչ խոսք ասել Աստծո երկյուղն իր մեջ չկրող, Աստծո բարկությունից չվախեցող սույն «քահանային»: Աստվածաշունչ մատյանն ասում է. «Նրան, ում շատ տրվեց, նրանից շատ կպահանջվի» (Ղուկաս 12. 45-48): Չէ՞ որ տասնյակ մարդիկ կարող են գալ խմբագրություն և հավաստել, թե ինչպես և՛ պսակադրություններից, և՛ կնունքներից առաջ տեր Զաքարիան նրանց ասել է. «Գլխանց 100 դոլար կտաք, կգամ, չէ, չեմ գա»: Եվ նախապես այդ կլորիկ գումարները գրպանելուց հետո է անցել բուն արարողության կատարմանը: Հո մերկապարանոց ժխտումներով չէ՞... Տեր Զաքարիա քահանան, լացուկոծ դնելու փոխարեն, թե իբրև չկա մեկը, որ մտածի եկեղեցու աղակալած պատերը մաքրելու կամ Սուրբ սեղանի վարագույրները փոխելու մասին, թող եկեղեցուն մշտապես նվիրաբերվող հսկայական գումարների մի չնչին մասով եկեղեցու այդ կարիքները հոգա և նոր միայն մտածի շքեղ ավտոմեքենա ունենալու (վերջերս, ի դեպ, նրա հնամաշ «Ժիգուլին» փոխարինվել է շքեղ, ճերմակ «Միցուբիշի»-ով) և առանձնատուն կառուցելու մասին: Երիցս ճիշտ է տեր Զաքարիան, խոստովանելով, որ իր քահանայության «հինգ տարիների ընթացքում իր հնարավորության սահմաններում կարողացել է ամեն բան կարգավորել»:
Եկեղեցում ինչ արվել է, արվել է միայն հավատացյալների միջոցներով, իսկ թե ինչի վրա է ծախսում տեր Զաքարիան՝ անձամբ իրեն որպես նվիրատվություն տրվող գումարները, Աստված գիտե:
Ի վերջո, ինչո՞ւ է այդքան խառնվել իրար տեր Զաքարիան. եթե իրոք ինքն ազնիվ է և մաքուր, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս, որ երկրորդ քահանա նշանակվի եկեղեցում: Ինչի՞ց է վախենում: Չի՞ գիտակցում արդյոք, որ դժգոհությունների հիմնական և գլխավոր պատճառը դա է:
Ընդամենը մեկ փաստ ենք ուզում հիշեցնել և սրանով ավարտել այս «ձայն բարբառո հանապատի»-ն (հետաքրքիր է, ա՛յս ի՞նչ խղճով պետք է ժխտի տեր Զաքարիան). մոտ երկու տարի առաջ, թաղումներից մեկի ժամանակ (Սամվել Թադևոսյանի հայրն էր մահացել), համայնքապետարանի աշխատակիցներից ոմանք ցենզուրայից դուրս անեկդոտներ էին պատմում... նրա ներկայությամբ: Իսկ նա ոչ միայն չէր նախատում կամ սաստում նրանց, այլև հիացմունքով լսում և ծիծաղում էր... Շուրջն առնվազն մի քանի տասնյակ մարդ կար, որոնք ապշահար նայում էին քահանային... Բնականաբար, քահանայի նման «սիրալիրությանը» հետևեց համայնքի ղեկավար աշխատողներից մեկի ակնհայտ ծաղրը. «Տեր Զաքարիա, մի հատ գրպաններդ թափ տուր, տեսնենք այսօր ինչքա՞ն «ալաֆ» ես արել»... («ալաֆ»` թուրք.` ավար): Ինչ խոսք, մեր քահանան «խոսքի տակ չմնաց». «Համաձայն եմ, դե, դու էլ քո գրպանները դատարկի, խառնենք, հաշվենք, կիսվենք»... Սա ողբերգություն է. համայնքի որևէ հոգևոր հովվի հետ նման աշխարհիկ, «ընկերային» հարաբերություններ երբևէ չեն եղել...
Խորհուրդ կտանք տեր Զաքարիային` դժգոհներին անհագուրդ փնտրելու (որոնց մի մասը, ի դեպ, այլ համայնքներից հանուն Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան էին մեր եկեղեցին գալիս, իսկ այժմ հաճախում են այլ եկեղեցի) և այս Պահքի օրերին նրանցից վրեժխնդիր լինելու փոխարեն, մի քիչ խորհրդածել այս փաստերի շուրջ և մտածել... ապաշխարելու մասին... Երբեք ուշ չէ...
Իսկ ամենատխուրն այս պատմության մեջ ոչ այնքան նման «քահանաների» ներկայությունն է եկեղեցիներում, որոնց պատճառով, անկասկած, ծաղկում, բարգավաճում է աղանդավորությունը, որքան մեր վերին հոգևոր դասի հանդուրժողականությունը, ավելին` փաստացի քաջալերանքը... Սուրբ գիրքն զգուշացնում է. «Զգույշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են Ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են: Իրենց պտուղներից նրանց ճանաչեցեք» (Մատթեոս 7.15):
Մենք բավարարվում ենք եղած փաստերը ներկայացնելով, հույսով, որ այն կփոխի տեր Զաքարիային, և նա, Աստծո ներողամտությամբ և ողորմածությամբ, կդառնա նրա ճշմարիտ ծառան:
Նաիրա Հարությունյան
Գոհար Խաչատրյան
Օֆելյա Պետրոսյան
Վարդան Հարությունյան
Ալբերտ Տեր-Ավետիսյան
Հարություն Սարգսյան
Դավիթ Հարությունյան
Լուսիկ Հակոբյան
Ամալյա Բաշինջաղյան
Մարիամ Դարբինյան
Աշոտ Մեսրոպյան
Սամվել Թաշչյան
Աղաջան Սարգսյան

Դիտվել է՝ 3040

Մեկնաբանություններ